Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազատության գիշեր՝ Ազատության հրապարակում

Ազատության գիշեր՝ Ազատության հրապարակում
20.06.2015 | 10:35

Ազատության հրապարակում «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման վերածվեց նստացույցի։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որը 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։

«Այդ խաչը մենք չենք տանելու, մենք ունենք թասիբ, կամք ու այդ կամքը կոտրողներին ենք կոտրելու: Սա մեր երկիրն է, մենք ենք այստեղ որոշողը։ Երկու տարբերակ ունենք՝ կամ գնանք տուն ու դժգոհենք, կամ մնում ենք այստեղ՝ դրսում ու ապացուցում ենք մեր ուժը», - հայտարարեց «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Ընդունվեց երկրորդ տարբերակը և որոշվեց նստացույց սկսել մինչև իշխանությունների պատասխանը։ Նրանց ժամանակ տրվեց մինչև երկուշաբթի՝ վերանայելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Եթե մինչև երկուշաբթի՝ հունիսի 22-ի ժամը 19-ը, պահանջը չկատարվի, ցուցարարները կշարժվեն Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Սա՝ երեկվա որոշումն էր: Հանրահավաքում կոչ արվեց ոստիկանությանը պաշտպանել նստացուցավորների սահմանադրական իրավունքները:
Գյումրիում ու Գավառում ևս անցկացվեց բողոքի հավաք ու երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո բողոքի այս ակցիան նման է հեռացած գնացքի հետևից վազելուն: Բայց անդառնալի ոչինչ չի եղել դեռ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է որոշում, որը կարող է վերանայել՝ ելնելով հանրային բողոքից: Եթե բողոքը վերածվի ՀԱՆՐԱՅԻՆԻ, երեկ Ազատության հրապարակը մարդաշատ էր, հանրահավաքի ժամանակ կային և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ հետո մնացին երիտասարդները, որ հայտարարում են՝ իրենց երկիրն է, իրենք իրավունք ունեն որոշումներ ընդունել: Վերջապես սոցիալական բողոքը դուրս է եկել փողոց: Անսպասելի նաև: Սա հարց է, որ բոլորիս է վերաբերում: Երիտասարդական ավյունը և վճռականությունը կհերիքե՞ն հարցը լուծելու համար՝ հարց է, որի պատասխանը կախված է հասարակության քաղաքացիական ակտիվությունից: Ոստիկանությունը, ինչպես փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, ընդառաջ գնաց և թույլ տվեց նստացույցը շարունակել՝ արգելելով աղմկել, վրաններ տեղադրել, պատմամշակութային տարածքն աղտոտել: Ճիշտ է, նրա հորդորները այնքան համառ էին ու այնքան կրկնվող, որ նման էին սադրանքի, առավել ևս, որ ինքնաբուխ հավաքի իրավունքն օրենքով է հաստատված, այնուամենայնիվ, նաև ոստիկանների համար նոր իրավիճակ է՝ չսադրել, չկալանավորել, չխանգարել: Թերևս նրանք պատրաստ են համազգեստները փոխել ու միանալ ցուցարարներին, ի վերջո ամսվա վերջին նրանք ևս հոսանքի վարձ են վճարելու, հավելյալ հոսանքի թանկացումից հետո մյուս ապրանքների բարձրացրած գները, իսկ աշխատավարձերը չեն բարձրանալու գնաճին համապատասխան:
Կվերանայվի՞ էլեկտրաէներգիայի սակագինը: Այո, եթե Ազատության հրապարակը հաստատակամ մնա իր պահանջի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հայկական հեռուստաընկերությունները միայն լրահոսում թեթևակի անդրադարձան հանրահավաքին ու նստացույցին, մինչդեռ համերգների ու ֆիլմերի միապաղաղ ընթացքը ընդհատելու ու ուղիղ եթերով իրադարձությունների ընթացքը լուսաբանելն է նրանց գործը, բայց դա սխրանք է, որին որևէ հեռուստաընկերություն դեռ պատրաստ չէ: Դրա համար կան կայքեր ու սոցիալական ցանցեր՝ օպերատիվ տեղեկատվության ու քարոզչության: Բոլոր դեպքերում՝ երեկվա օրը մեկ կարծրատիպ ջարդեց՝ սոցիալական բողոքը մարդկանց դուրս բերեց փողոց ու հրապարակում պահեց գիշերը: Իշխանությունը որոշում փոխելու ժամանակ ունի:

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ